Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող վարպետության դասերին մասնակցության մրցույթ

24 Փետրվարի 2020

Մասնակցության կարգը

Ընդհանուր դրույթներ


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս. թ. մայիսի 3-ից 10-ը։


Վարպետության դասերի շրջանակներում տաղանդավոր դաշնակահարները հնարավորություն կունենան սովորել մեր ժամանակի առաջատար երաժիշտներից, բարելավել իրենց երաժշտական հմտությունները և ձեռք բերել անգնահատելի գիտելիքներ:


Վարպետության դասերը վարելու են աշխարհահռչակ վարպետ դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։


Տրամադրվող աջակցություն 


Դաշնակահարների հայտերի դիտարկման ու լսումների արդյունքում նախատեսվում է ընտրել տասը հաղթող։

Հաղթողներին տրամադրվելիք աջակցությունը ներառելու է վերջիններիս թռիչքի տոմսերի, հյուրանոցի (ներառյալ՝ նախաճաշը, հյուրանոցային համարները նախատեսված են 2-3 անձի համար), ՀՀ-ից դուրս օդանավակայանից և դեպի օդանավակայան տրանսֆերների արժեքը, վարպետության դասերի արժեքն ու Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի (Malta International Music Festival 2020) համերգների հրավիրատոմսը:

Հաղթողի անչափահաս լինելու և ուղեկցող անձի առկայության դեպքում ուղեկցողին տրամադրվող աջակցությունը ներառելու է միայն հյուրանոցի (ներառյալ՝ նախաճաշը), ՀՀ-ից դուրս օդանավակայանից և դեպի օդանավակայան տրանսֆերների արժեքը, նրա՝ որպես ազատ ունկնդիր վարպետության դասերին ներկայությունը և Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի համերգների հրավիրատոմսը:

Չթվարկված այլ ծախսերը մրցույթի հաղթողները հոգում են ինքնուրույն (օրինակ՝ վիզայի ստացման, սննդի՝ բացի նախաճաշից, ուղեկցողի թռիչքի տոմսերի արժեքը, և այլն): Հաղթողներին վիզայի ստացման աջակցություն չի տրամադրվելու:

Մրցույթում հաղթողների (անչափահաս լինելու դեպքում՝ ծնողի/խնամակալի) հետ կնքվելու է պայմանագիր, և տրամադրվելու է վարպետության դասերին մասնակցության հրավեր, որից հետո անհրաժեշտ է մինչև ս. թ. ապրիլի 6-ը ապահովել Շենգենյան վիզայի առկայություն անձնագրում:

Ս. թ. ապրիլի 10-ից հետո աջակցությունից հրաժարվելու և այդ մասին հիմնադրամին տեղեկացնելու դեպքում անհրաժեշտ է փոխհատուցել 

հիմնադրամի կողմից կատարված ծախսերը:


Մրցույթին մասնակցելու պահանջներ և պայմաններ


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի և բնակվել ՀՀ-ում։ Անգլերենի իմացությունը պարտադիր է։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

  • Դիմորդի (անչափահաս լինելու դեպքում՝ նրա ծնողի/խնամակալի) կողմից լրացված դիմում-հայտ:
  • Դիմորդի անձնագրի պատճեն (այն անձնագրի պատճեն, որով մեկնելու եք, ուղեկցողի պարագայում՝ նաև նրան ուղեկցող անձի):
  • Դիմորդի երաժշտական ​​հաստատությունից տեղեկանք-երաշխավորագիր:
  • Դիմորդի բնակության վայրի մասին տեղեկանք:


Լսումներ


Դիմորդների լսումներն ու մասնակիցների ընտրությունը տեղի կունենան մարտ ամսին: Լսումներին անհրաժեշտ է մասնակցել ազատ ծրագրով՝ առավելագույնը 40 րոպե տևողությամբ։ Այն պետք է կատարվի անգիր։

Լսումների արդյունքում ժյուրիի կայացրած որոշումը բողոքարկման ենթակա չէ:


Հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մարտի 1-ն է (ներառյալ)։


Լրացնելով դիմում-հայտը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ դուք հավաստում եք, որ համաձայն եք Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին մասնակցության համար հայտարարվող մրցույթի պայմաններին:


Ստորագրված հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (info@m4f.foundation) կամ հետևյալ հասցեով՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166, ք. Երևան, 0001, ՀՀ (փոստով կամ առձեռն(բացի շաբաթ և կիրակի օրերը)):