Կրթաթոշակառուների համերգ

30 Ապրիլի 2021

Կրթաթոշակառուների համերգ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը:


11-ից 17-տարեկան պատանի 10 կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) կատարեցին Յ.Բախի, Կ.Վեբերի, Կ.Պիվոնկայի, Ռ.Ֆարնաբիի, Գ. Ֆարնաբիի, Պ. Սարասատեի, Յ. Հայդնի, Վ. Մոցարտի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի ստեղծագործությունները:


Համերգի ավարտին կրթաթոշակառուները միասին ներկայացրեցին Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից, որը հատուկ նրանց համար գործիքավորել էր կոմպոզիտոր Վահագն Վարդանյանը:


Կրթաթոշակառուների ծնողների գնահատմամբ՝ համավարակի պայմաններում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աշխատակազմն արել է առավելագույնը կրթաթոշակառուների համար:


«Անցկացվել են վարպետության դասեր, որոնք շատ անհրաժեշտ եւ կարևոր են պատանի երաժշտի համար: Համերգների ընթացքում ստեղծագործությունների համատեղ կատարումը օգնում է երեխաներին հաղթահարել մի շարք խնդիրներ, իսկ երաժշտի համար դա շատ կարևոր է: Ես տեսնում եմ հիմնադրամի ղեկավարության եւ աշխատակիցների սրտացավ վերաբերմունք, պատրաստակամություն օգնել երեխաներին ցանկացած մասնագիտական խնդրի լուծման հարցում»,- նշեց Թամար Չարխիֆալաքյանը` կրթաթոշակառու Գուր Սարգսյանի մայրը:


Նա նաեւ հավելեց, որ համերգներին պատրաստվելու ընթացքում երեխաների միջեւ ձեւավորվել է ջերմ մթնոլորտ, եւ նրանք մեծ սիրով են աշխատում միմյանց հետ:


Կրթաթոշակառու Դավիթ Տոնոյանի ծնողի՝ Ալվարդ Նախոյանի խոսքերով՝ այս ամիսների ընթացքում երեխաները դարձան ավելի աշխատասեր եւ ինքնուրույն. «Համերգներին համատեղ պատրաստվելու արդյունքում երեխաները ձեռք բերեցին թիմում աշխատելու փորձառություն, ինչը շատերի համար նոր երևույթ էր: Մեր սպասելիքներն արդարացվեցին, շատ եմ ցանկանում, որ հիմնադրամի այս նախաձեռնությունը լինի շարունակական, եւ տաղանդավոր այլ երեխաներն էլ հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին, հաղթել եւ իրենց ուրույն տեղը գտնել երաժշտության ոլորտում»:


Ըստ կրթաթոշակառու Ասյա Անիսիմովայի ծնողի՝ Քրիստինա Անիսիմովայի՝ այս ամիսների ընթացքում շփումը կրթաթոշակառուների միջեւ համերգներին պատրաստվելիս, վարպետության դասերի մասնակցելիս՝ բացի մասնագիտական գիտելիքներից երեխաներին սովորեցրեց լինել էլ ավելի ընկերասեր ու հոգատար միմյանց նկատմամբ. «Երեխաներն ավելի պարտաճանաչ դարձան, հասկացան, որ այս նախագիծը տարբերվում է մնացածներից, եւ այստեղ պետք է լինել ավելի պարտաճանաչ եւ լուրջ պատասխանատվություն կրել երաժշտության նկատմամբ: Այն ամենը, ինչ հիմնադրամը տալիս է երեխաներին, շատ ավելին է, քան մեր՝ ծնողներիս սպասելիքները»:


Հավելենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգները տեղի կունենան՝ մայիսի 7-ին, ժամը՝ 16։00-ին Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, և մայիսի 12-ին, ժամը՝ 14։00-ին Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում։