ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՌԵՄԻ ԺԵՆՅԵԻ ՀԵՏ

19 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 20-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Ռեմի Ժենյեն:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 20-ին (չորեքշաբթի), ժամը 11։00-12։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Ռեմի Ժենյեն: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:

---

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 2013 թ․ քսան տարեկան հասակում Եղիսաբեթ թագուհու անվան դաշնամուրի միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր և Բոննի Բեթհովենի անվան միջազգային մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակիր դարձած Ռեմի Ժենյեն ակտիվորեն կայանում է որպես իր սերնդի ամենաճանաչելի դաշնակահարներից մեկը: 2015 թվականին Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր «Երիտասարդ կոնցերտային երաժիշտների միջազգային լսումներում» արժանացել է առաջին մրցանակի:

Ռեմի Ժենյեն միջազգային ելույթներ է ունենում տարբեր նվագախմբերի հետ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռոմանական Շվեյցարիայի նվագախմբի, Բարսելոնայի սիմֆոնիկ նվագախմբի, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բելգիայի ազգային նվագախմբի, Լիլի ազգային նվագախմբի հետ: