- Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:
-Իմ առաջին մեղեդին իմ մայրիկի օրորոցային երգերն էին: Ավելի ուշ՝ այն երաժշտությունը, որ հնչում էր տանը. Ժամանակակից, ժողովրդական, դասական:
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:
-Շատ եմ սիրում նկարել, դիտել հետաքրքիր ֆիլմեր, գիտահանրամատչելի հաղորդումներ: Սիրում եմ նաև տուն-տունիկ խաղալ:
-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Շատ դժվար է լինել լավագույնը:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:
-Իմ ամենասիրելի վայրը Աղվերանն է, որտեղ ես գրեթե ամեն տարի հանգստանում եմ: Այնտեղ ես ունեմ հավատարիմ մի ձիուկ, որի հետ ընկերացել եմ:
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
-Եթե կախարդական ուժ ունենայի, այնպես կանեի, որ իմ հարազատ սիրելի մարդիկ միշտ առողջ լինեին:
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
-Դառնալ հայտնի երաժիշտ, ում հետ կձգտեն ծանոթանալ և դուետներ նվագել:
-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:
- «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ինձ որոշակի ինքնավստահություն տվեց, նաև՝ հնարավորություն ծանոթանալ և ընկերանալ շատ տաղանդավոր երեխաների հետ:
-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:
-Երևի տաղանդավոր, քանի որ շատ քիչ եմ պարապում ու ստացվում է☺
-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Նախանձի բացակայությունը, որն ինձ օգնում է, բայց, գուցե և, խանգարում:
-Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:
-Իմ կարդացած գրքերը՝ «Белый Бим Черное Ухо», «Ռեմմիի արկածները», «Маленький Принц». բոլորը նվիրվածության, երազանքին հավատարիմ մնալու մասին է:
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Միշտ ունենալ սեփական տեսակետը, երբեք չգնալ մեծամասնության հետևից:
-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
-Հավատարմություն, բարություն:
Comments