top of page

Ձգտում եմ որակյալ կրթություն ստանալ. Մարի Դանիելյան


-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ, ինչպե՞ս է անցնում քո օրը և ինչպե՞ս ես կարողանում համատեղել  դպրոցը և երաժշտությունը: 


-Երաժշտության, արվեստի հանդեպ սերս դեռ մանկուց է եղել: Սիրում էի ռիթմ, պար, նկարչություն: Եղբայրս սովորում էր երաժշտական դպրոցում, իսկ ես հաճախում էի հարևանությամբ գտնվող պարարվեստի ստուդիա: Սիրում էի հետևել` ինչպես է նոտաներ սովորում, ռիթմեր անցնում, ինքս կրկնում էի դրանք ու դաշնամուրի վրա խաղ անում: 6 տարեկան էի, երբ մայրիկս ընդունեց ինձ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:


Առօրյաս կապված է երաժշտությանը: Պարապում եմ, տեսական գիտելիքներս զարգացնում, մասնակցում եմ վարպետաց դասերի: Մանկուց իմ օրվա անբաժանելի մասն է երգչախումբը: 6 տարեկանից հաճախում եմ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ: Չնայած երաժիշտ դառնալու իմ որոշմանը, կարևոր եմ համարում հանրակրթական դպրոցի բոլոր առարկաները:

 


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:


-Ճիշտ է ազատ ժամանակ քիչ է լինում, բայց հնարավորության դեպքում սիրում եմ այն ընտանիքիս կամ ընկերներիս հետ անցկացնել: Երբ մենակ եմ լինում, ֆիլմեր եմ դիտում, նկարում եմ, մեկ-մեկ էլ քնում եմ: Ինձ բավարարված եմ զգում, երբ հասցնում եմ իրագործել տվյալ օրվա հետ կապված անելիքներն ու պլանները: Երկար ու հագեցած օրվանից հետո, սիրում եմ մեր ընտանեկան երեկոները, մայրիկիս պատրաստած ընթրիքն ու մեր հետաքրքիր զրույցները:


-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


-Սիրում եմ ճամփորդել, ուսումնասիրել այլ ազգերի մշակույթն ու ավանդույթները: Եղել եմ տարբեր երկրներում, բայց ինձ համար ամենասպասված այցելությունը կա ու կմնա իմ հարազատ Արցախը՝ բերդաքաղաք Շուշին ու սրբատեղի դարձած Գանձասարը:


-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:

-Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:


-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն: 


-Եթե կախարդական ուժ ունենայի,աշխարհի երեսից կվերացնեի չարությունը, կբացառեի պատերազմները, աշխարհը կպատեի սիրով ու բարությամբ:



-Ովքե՞ր են հանդիսանում երաժշտական ոգեշնչողները կամ դերակատարները քեզ համար: Ինչպե՞ս են նրանք ազդել քո ստեղծագործական կյանքի վրա: -Իմ երաժշտական կյանքում գլխավոր դերակատարն ու ամենամեծ ուսուցիչը Մաեստրո Տիգրան Հեքեքյանն է՝ մանկավարժ, որից անդադար կարելի է սովորել: Նա ինձ համար բացառիկ մարդու, երաժշտի, նաև ազնիվ ու հայրենասեր քաղաքացու օրինակ է: 


Բոլոր ուսուցիչներն էլ իրենց առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունեն ինձ համար, և ես բոլորին անչափ սիրում ու գնահատում եմ:

Երաժշտական դպրոց ընդունվելու առաջին իսկ օրվանից իմ կողքին է սիրելի ուսուցչուհիս՝ Մարինե Մարգարյանը: Հենց նրա շնորհիվ ես բացահայտեցի երաժշտության հեքիաթային աշխարհը: Առ այսօր նա ինձ հետ է ու իմ կողքին, օգնում է ինձ հաղթահարել այս բարդ ու միաժամանակ հետաքրքիր ճանապարհը:


Իմ մասնագիտական աճի և զարգացման գործում իր ուրույն տեղն ունի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, անչափ կարևորում եմ իր հետ ունեցած յուրաքանչյուր վարպետաց դասը, խորհուրդներն ու մասնագիտական կարծիքը:


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Ձգտում եմ որակյալ կրթություն ստանալ: Երազում եմ համերգներով հանդես գալ աշխարհի տարբեր բեմերում, իմ կատարումներով մարդկանց մեջ ավելացնել սերը երաժշտության հանդեպ:




-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:

-Լավատեսությունը, համառությունն ու համբերատարությունը:


-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ, և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:


-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ամուր թիկունք է պատանի երաժիշտների համար: Այս տարի միացա այս մեծ ու գեղեցիկ ընտանիքին, որն արդեն ինձ հարազատ է դարձել: Շատ կարևոր է հիմնադրամում տիրող ջերմ միջավայրը, ինչի շնորհիվ մեր հանդիպումներն ու միջոցառումները հետաքրքիր ու հաճելի են անցնում: Ծրագրի շրջանակներում մենք հանդիպում ու ծանոթանում ենք աշխարհահռչակ երաժիշտների հետ, ունկնդրում իրենց կենդանի ելույթները, ունենում վարպետության դասեր, ինչը հիանալի հնարավորություն է զարգացնելու մասնագիտական հմտություններն ու երաժշտական ճաշակը: Հիմնադրամի առաքելությունն է լայն աշխարհայացքով ու հասուն ինքնագիտակցությամբ անհատի ձևավորումը:


-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Սիրում եմ գտնել ամեն ինչի մեջ դրականը, գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը: Կյանքում ինձ համար կարևոր է գեղեցիկի ընկալումը թե մարդկանց հետ շփվելիս, թե առօրյայում:




-Կա՞ որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա:


-Զարմանալի կթվա, բայց կյանքի ու բնության, չարի ու բարու մասին իմ պատկերացումները ձևավորվել են մանկության տարիներին դիտած մուլտֆիլմների ու կարդացած հեքիաթների շնորհիվ: Ինձ համար ամենախորիմաստ մուլտֆիլմը «Մաուգլին» է, իսկ  ամենաազդեցիկը Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն է:


-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում, և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Ինձ համար առաջնայինը ինքս ինձ հետ ազնիվ լինելն է: Տանել չեմ կարողանում կեղծիքն ու երեսպաշտությունը: Չեմ սիրում միջակություն: Եթե ինչ-որ բան եմ ձեռնարկում, ապա ուժերս չեմ խնայում լավագույն արդյունքի հասնելու համար:

 

-Կա՞ն մանկության հատուկ հիշողություններ կամ ընտանեկան ավանդույթներ, որոնք հատկապես կարևոր են քեզ համար:


-Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է ճանաչողական արշավներով լինել Հայաստանի տարբեր մարզերում: Ունեցել ենք բազում վրանային արշավներ «Հայ ասպետ» դպրոցի շրջանակներում, որի արդյունքում էլ մեզ համար սկզբունքային է դարձել «Սիրել Հայրենիքը, նշանակում է ճանաչել այն» կարգախոսը:


Մեր ընտանիքում իմ սիրելի ավանդույթներից է յուրաքանչյուրիս ունեցած հաջողությունը տոնի վերածելը, իսկ անելիքներն ու դժվարությունները միասին քննարկելն ու հաղթահարելը: 7 տարեկանում առաջին անգամ մասնակցեցի միջազգային մրցույթի և ստացա I մրցանակ, այդ օրվա տպավորությունն ու հրճվանքը ամբողջ կյանքում չեմ մոռանա, այն իմ մանկության ամենավառ հիշողություններից մեկն է:


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


Մարդկանց մեջ ինձ համար ամենակարևոր հատկանիշը սիրելու կարողությունն է: Աշխարհն ավելի լավը դարձնելու, մարդկանց մեջ չարությունն ու նախանձը վերացնելու համար պետք է սիրել կարողանալ, քանի որ սիրել նշանակում է հոգատար լինել:

  


Դաշնակահար, 15 տարեկան

2014-2022 / Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

2018-2023 / Հայ-չինական բարեկամության դպրոց-հիմնադրամ

2022 / Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտականմասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան

Դաշնամուր նվագում է 6 տարեկանից:

Շնորհակալ եմ ձեզ՝ հետաքրքիր հարցերի ու բովանդակալից զրույցի համար:

 

255 views0 comments

Comments


bottom of page