Հունիսի 15-ին` ժամը 15։30 -18։30-ն, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի N409 դահլիճում, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների համար ևս մեկ անգամ վարպետության դասեր կանցկացնի հայտնի հայ/իսպանացի ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը, որն այս տարի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է։
Սիրով հրավիրում ենք բոլոր երաժշտական և արվեստի դպրոցների սաներին և ուսուցիչներին ներկա գտնվելու վարպետության դասերին, որոնց ընթացքում հանրահայտ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը կկիսվի պատանի երաժիշտների հետ իր հարուստ փորձով, խորհուրդներով և արժեքավոր գիտելիքներով:
--
Զոհրաբ Թադևոսյանը երկար տարիներ է, ինչ լեգենդար Անա Չումաչենկոյի օգնականն է։ Ջութակ սկսել է սովորել 6 տարեկանից իր առաջին ուսուցչի՝ Լեւոն Զորյանի մոտ։ 13 տարեկանից սովորել է հորեղբոր՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի մոտ, ով իր հերթին 20-րդ դարի մեծ վիրտուոզ ջութակահար Լեոնիդ Կոգանի աշակերտն էր։ Հաջողակ կարիերայի հասնելուց հետո 2002 թվականին Զոհրաբ Թադևոսյանը տեղափոխվեց Մադրիդ և մինչև 2003 թվականը սովորեց Ռեյնա Սոֆիայի երաժշտական դպրոցում Զախար Բրոնի մոտ։
2003 թվականից ծառայում է որպես Մադրիդի «Ռեալի» թատրոնի նվագախմբի կոնցերտմայստերի օգնական։ Զոհրաբ Թադևոսյանը համարվում է միջազգային երաժշտական-մանկավարժական ասպարեզի կարևոր գործիչ, նա հիմնականում կենտրոնացած է ջութակի մանկավարժության վրա։
Զոհրաբ Թադևոսյանը պարբերաբար հրավիրվում է եվրոպական ամենակարևոր փառատոներին և վարպետության դասերին, 2016 թվականից հրավիրված է ամառային դասընթացի Նագոլդում (Գերմանիա), Մալթայի դասական երաժշտության ակադեմիայում, նաև այնպիսի ակադեմիաներում, ինչպիսիք են Academia Internacional de Musica de Cagliari, Chieti Classica, Swiss International Music, Rheinau և Internationale Sommerakademie Mozarteum-ը Զալցբուրգում:
Նա նաև վարպետության դասեր է անցկացնում իր երաժշտական մենթոր պրոֆ. Անա Չումաչենկոյի հետ, հրավիրյալ արտիստ է Սանտանդերի երաժշտական փառատոնում: Բացի այդ, նա դասավանդում է Ճապոնիայում և պարբերաբար հրավիրվում վարպետության դասեր տալու։ Որպես ժյուրիի անդամ հրավիրվում է ջութակի ամենակարևոր միջազգային մրցույթներին, որոնցից է. Luis Spor ջութակի միջազգային մրցույթը` 2019 Վայմարում, Ջոզեֆ Յոահիմի ջութակի միջազգային մրցույթը` 2021 թվականին Հանովերում:
2010-2020 թվականներին նա աշխատել է որպես պրոֆեսոր Մադրիդի Ռեյնա Սոֆիայի երաժշտական դպրոցում՝ իր երաժշտական մենթոր, լեգենդար պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ միասին։
Ներկայումս նա վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում։
תגובות