
-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:

-Չեմ կարող հստակ ասել, թե երբ սկսեցի հետաքրքրվել երաժշտությամբ, քանի որ ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, և մեր տանը միշտ հնչել է թե՛ դասական երաժշտություն, թե ՛ ժամանակակից և թե՛ ռետրո – փոփ: Ամեն դեպքում, ծնողներս պատմում են, որ դեռ շատ փոքր տարիքից սիրել եմ երաժշտությունը, հատկապես՝ ջութակը: Երբ ընդունվեցի երաժշտական դպրոց ջութակի բաժին, նոր հասկացա, որ իմ գործիքը դաշնամուրն է:
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
-Երբ չեմ նվագում, փորձում եմ հանգստանալ՝ դիտելով ֆիլմեր կամ հաղորդումներ, լսել իմ սիրած երաժիշտների կատարումները: Նաև շատ եմ սիրում ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, եթե եղանակը թույլ է տալիս՝ խաղալ ֆուտբոլ: Իսկ իմ հոբբին՝ ռետրո ավտոմեքենաներն են: Ես ունեմ բավականին մեծ հավաքածու և փորձում եմ այն ավելի մեծացնել՝ ձեռք բերելով նոր մոդելներ:

-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Ինքս կարգախոս չունեմ, բայց փորձում եմ առաջնորդվել ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի հայտնի խոսքերով.
«Փշերի միջով դեպի աստղեր»:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:

-Չնայած, որ հասցրել եմ լինել մի շարք երկրներում, տեսնել տարբեր հետաքրքրիր տեսարժան վայրեր, ծանոթանալ այլ երկրների մշակութային արժեքների հետ, միևնույնն է ինձ համար ամենասիրելի վայրը իմ քաղաք Երևանն է, հատկապես կենտրոնը՝ իր գեղեցիկ շինություններով, հին ու նոր փողոցներով և այդ փողոցներում հանդիպող հետաքրքիր մարդկանցով:
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
-Կուզենայի կարողանալա կարդալ մարդկանց մտքերը, հատկապես այն ամենը, ինչ մտածում են իմ մասին: Կօգտագործեի այդ հնարավորությունը իմ մասին բացասական կարծիքները դեպի լավը փոխելու:
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։

-Ինչպես բոլոր սկսնակ երաժիշտները, ես էլ ցանկանում եմ հայտնի դառնալ, նվագել մեծ բեմերում և ներկայացնել մեր երկիրը աշխարհում: Չգիտեմ՝ կարելի է դա նախագիծ համարել, թե ոչ, բայց երբ մեծանամ, կուզենամ հնարավորություն ունենալ երեխաների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ և օգնել նրանց տաղանդը բացահայտելու հարցում:
-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը իմ երաժշտական զարգացման հարցում շատ մեծ է, քանի որ այն ինձ բազմաթիվ հնարավորություններ է տալիս, օրնակ՝ ելույթ ունենալ տարբեր բեմերում, վարպետության դասեր վերցնել աշխարհահռչակ երաժիշտներից, շփվել մեծանուն կոմպոզիտորների և կատարողների հետ, ինչը, իհարկե, իմ մասնագիտական աճի հարցում մեծ օգնություն է:
Նաև պետք է նշեմ, որ հիմնադրամը ինձ ոչ միայն մասնագիտական զարգացման հարցում է օգնում, այլ նաև նոր ընկերներ է պարգևել և սովորեցրել է շփվել տեսակով, բնավորությամբ տաբեր մարդկանց հետ, որը նույնպես շատ կարևոր է ինձ համար, և ինչի համար ես շատ շնորհակալ եմ:

-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
-Երևի թե հետաքրքրասեր, որովհետև ինձ ամեն ինչ, ամեն տեղ հետաքրքիր է:
-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Դժվարանում եմ նշել մեկ հատկանիշ, որովհետև կարծում եմ, որ միայն մեկը չէ, որի շնորհիվ հաջողություններ եմ գրանցել: Բայց վերջերս, երաժշտական դպրոցի ուսուցիչներից մեկը, ում կարծիքը և գնահատականը կարևոր է ինձ համար, հերթական մրցույթից առաջ ասաց, որ կհասնեմ հաջողության, քանի որ աշխատասեր եմ: Միգուցե հենց դա է իմ հաջողության գրավականը:
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Ինձ համար կարևոր սկզբունք է ազնվությունը և դիմացինին օգնելու պատրաստակամությունը: Ինքս էլ փորձում եմ առաջնորդվել հենց այդ սկզբունքներով:

-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
Ընկերներիս, և առհասարակ մարդկանց մեջ գնահատում եմ հավատարմությունը և հումորի զգացումը: Չեմ պատկերացնում ունենալ ընկեր, ով չհասկանա ու չծիծաղի կատակների վրա:
Comments