Ապագան այսօր. AMAA-ն ԵՎ M4FF-ը՝ ի նպաստ պատանի սերնդի երաժշտական կրթության

12 June 2023

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) ստորագրեցին պայմանագիր:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) ստորագրեցին պայմանագիր, որի շրջանակում Հիմնադրամի կրթական ծրագրին կատարած ներդրումն ուղղվելու է տաղանդաշատ երեխաներից մեկի մասնագիտական աճին եւ զարգացմանը:


Ֆինանսական աջակցության շնորհիվ Հիմնադրամը կշարունակի իրագործել իր կրթական ծրագիրը, որի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար ապահովվում են վարպետության դասեր, բեմական փորձ, համերգային եւ թանգարանային այցեր, օտար լեզվի դասընթացներ եւ կրթաթոշակ:

AMAA-ն, լինելով բարեգործական կազմակերպություն, մշտապես կարեւորել է մշակույթի դերը եւ իր ավելի քան 100-ամյա գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացրել մշակութային ծրագրերին, որոնք նաեւ նպաստում են Ընկերակցության գլխավոր առաքելությանը՝ օգնել հայ ժողովրդին պահպանել հավատը, մշակույթը եւ ազգային ինքնությունը:


Ստեղծված 2019 թ.՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նպատակն է եղել եւ մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր փոքրիկ երաժիշտներին եւ օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Ներդրումները հանուն երաժշտության եւ հանուն ապագայի առանցքային դեր ունեն հայ շնորհալի երեխաների ապագայի ձեւավորման գործում՝ հնարավորություն տալով հզորացնել արվեստագետների հաջորդ սերունդը, հարստացնել Հայաստանի մշակութային ժառանգությունն ու աշխարհին ներկայացնել հայկական մշակույթն ու հայ կատարողական արվեստը: